Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Եվրոպական հարցը 2016-ին

Եվրոպական հարցը 2016-ին
07.01.2016 | 10:22

Տարեմուտը դիմավորում ենք մի աշխարհում, որը լի է աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական ռիսկերով: Մերձավոր Արևելքի մեծ մասը կրակի մեջ է, ավելանում են կանխատեսումները շիաների ու սուննիների տևական պատերազմի (կաթոլիկների ու բողոքականների 30-ամյա պատերազմի նման Եվրոպայում): Չինաստանի հզորացումը տարածքային վեճեր հարուցեց Ասիայում ու կասկածի տակ դրեց ԱՄՆ-ի ռազմավարական առաջատարությունն այդ տարածաշրջանում: Ռուսաստանի ներխուժումն ՈՒկրաինա վերածվեց կիսասառեցված կոնֆլիկտի, որը ցանկացած պահի կարող է թեժանալ: Հերթական համաճարակի վտանգը կա՝ ինչպես ցույց տվեցին ատիպիկ պնևմոնիայով (SARS), մերձավորարևելյան օդակաթիլային կորոնավիրուսով (MERS), էբոլայով և այլ վարակիչ հիվանդություններով ախտահարվածները վերջին տարիներին: Եվս մեկ սպառնալիք են կիբեռպատերազմները, պետք չէ մոռանալ ոչ պետական խմբավորումների մասին, որ կոնֆլիկտներ են հարուցում ու քաոս են սերմանում Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի երկրներում՝ հյուսիսային և Սահարայից հարավ: Ի վերջո, փոխվում է կլիման, որ արդեն նշանակալից վնասներ է տվել՝ եղանակային էքստրեմալ պայմանները հաճախակիանում են ու մահացու վտանգավոր դառնում:

Այնուամենայնիվ, 2016-ին աշխարհաքաղաքականության էպիկենտրոն կդառնա Եվրոպան: Հունաստանի դուրս գալը եվրագոտուց (Grexit) ամենայն հավանականությամբ ընդամենը հետաձգվեց, ոչ թե ամբողջութամբ կանխվեց՝ կենսաթոշակային և այլ կառուցվածքային բարեփոխումների հետևանքով Աթենքը կոնֆլիկտի մեջ է հայտնվել եվրոպացի վարկատուների հետ: Grexit-ը կարող է դառնալ եվրոպական տարադրամային միության վերջի սկիզբ՝ ներդրումներ անողները սկսելու են մտածել, թե որ երկիրն է, գուցե և առանցքային (օրինակ՝ Ֆինլանդիան), հաջորդը հեռանալու: Grexit -ի դեպքում Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից (Brexit) առավել ռեալ կդառնա: Անցած տարի Brexit-ի հավանականությունը մեծացավ մի քանի պատճառներով: Ահաբեկչությունները, միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում մեծացրին Բրիտանիայի մեկուսացման հակումը: Ջերեմի Կորբինի գլխավորությամբ լեյբորիստական կուսակցությունը ավելի մերձեցավ եվրասկեպտիկներին: Վարչապետ Դևիդ Քեմերունն ինքն իր համար ծուղակ լարեց, երբ պահանջեց ԵՄ-ում այնպիսի բարեփոխումներ, որոնց նույնիսկ Լոնդոնին համակրող գերմանացիները չեն կարող համաձայնել: Եվրամիությունը Բրիտանիայում շատերին է խորտակվող նավ թվում: Brexit-ը հարուցելու է դոմինոյի էֆեկտ: Շոտլանդիան կարող է վճռել Միացյալ Թագավորության կազմից դուրս գալ, իսկ դա կքանդի Մեծ Բրիտանիան և կոգեշնչի անջատողական շարժումները՝ Կատալոնիայից սկսած: ԵՄ հյուսիսային երկրներն էլ կարող են որոշել, որ Բրիտանիան հեռացավ՝ իրենց հեռանալու ժամանակն է:
Իր տարածքում մեծ թվով ջիհադիստներ ունեցող Եվրոպայի համար արդեն հարց չէ՝ ևս մեկ ահաբեկչություն կլինի՞, թե՞ ոչ, հարց է՝ ե՞րբ և որտե՞ղ կլինի: Պարբերաբար կրկնվող ահաբեկչությունները կարող են հանգեցնել գործնական ու սպառողական վստահության կրճատմանը՝ կանգնեցնելով Եվրոպայի տնտեսության վերականգնման փխրուն գործընթացը: Ճիշտ են նրանք, ովքեր պնդում են, որ միգրացիոն ճգնաժամը էքզիստենցիալ սպառնալիք է ստեղծում Եվրոպայի համար, սակայն խնդիրը մեկ միլիոն միգրանտները չեն, որ 2015-ին հասան Եվրոպա, այլ 20 միլիոնը, որ կորցրել են տունը, հուսահատ են և փորձում են փախչել բռնությունից, քաղաքացիական պատերազմներից, անգործունակ պետությունից, հողի ամայացումից ու անապատների ընդլայնումից, Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի շատ երկրների տնտեսական կոլապսից: Եթե Եվրոպան չկարողանա գտնել այդ պրոբլեմի համակարգված լուծում և վերահսկողություն չսահմանի արտաքին ընդհանուր սահմանի վրա, Շենգենյան համաձայնագիրը կփլուզվի և ԵՄ երկրների միջև կհայտնվեն ներքին սահմաններ:
Եվրագոտու ծայրամասային երկրների հոգնությունը բյուջետային ծախսերի կրճատումից ու բարենորոգումներից (նաև ԵՄ անդամների, որ եվրագոտում չեն, օրինակ, Լեհաստանն ու Հունգարիան) բախվում է ԵՄ առանցքային երկրների հոգնությանը՝ նրանց մշտապես ֆինանսական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունից: Պոպուլիստական կուսակցությունները՝ թե աջ, թե ձախ, միավորվում են թշնամանքով ազատ առևտրի, միգրացիայի, մուսուլմանների ու գլոբալացման նկատմամբ և առավել ու առավել պահանջված են դառնում Եվրոպայում:
Հունաստանում իշխանություն է «Սիրիզան», Պորտուգալիայում՝ աջերի կոալիցիան, ընտրություններն Իսպանիայում կարող են քաղաքական ու կառավարման որոշակի անորոշության հանգեցնել: Արմատական հակամիգրացիոն ու հակամուսուլմանական կուսակցությունները առավել մեծ թվով ձաներ են հավաքում ԵՄ առանցքային երկրներում, այդ թվում՝ Նիդերլանդներում, Դանիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում: Ֆրանսիայում դեկտեմբերի սկզբին ուլտրաաջ «Ազգային ճակատը» համարյա հաղթում էր տեղական ընտրություններում, իսկ Մարին Լե Պենը վատ շանսեր չունի 2017-ի նախագահական ընտրություններում: Իտալիայում վարչապետ Մատեո Ռենցիին գրոհում են երկու հակաեվրոպական, պոպուլիստական կուսակցություններ իրենց աճող վարկանիշով: Գերմանիայում վտանգված է կանցլեր Անգելա Մերկելի իշխանությունը իր համարձակ, բայց վիճելի որոշման պատճառով՝ երկիր ընդունել համարյա մեկ միլիոն փախստականների: Մեծանում է անջրպետը՝ ինչ է պետք եվրոպացիներին և ինչ են նրանք ցանկանում, այդ խզումը լուրջ պրոբլեմների պատճառ կարող է դառնալ 2016-ին: Եվրագոտին և Եվրամիությունը բազում մարտահրավերների են բախվել, որոնք պահանջում են կոլեկտիվ կարգավորում, բայց մենք տեսնում ենք, որ ԵՄ երկրները առավել ու առավել են հակվում նեղ ազգային լուծումների՝ անհնար դարձնելով համաեվրոպական որոշումները (միգրացիոն ճգնաժամը ասվածի տրագիկ արտացոլումն է):
Եվրոպային պետք է ավելի շատ կոոպերացիա, ինտեգրում, համերաշխություն և ռիսկերի հավասար բաշխում: Փոխարենը եվրոպացիներն ընտրում են ազգայնականությունը, անջատողականությունը և հակաինտեգրումը:
Նուրիել ՌՈՒԲԻՆԻ, Project Syndicate, ԱՄՆ


Հ.Գ. Առաջին հայացքից՝ ակնհայտ են թվում եվրոպական խնդիրների լավատեղյակությունն ու խնդիրների պատճառահետևանքային կապերի բացահայտումը, ճիշտ ախտորոշումն ու կանխատեսումը: Բայց՝ միայն առաջին հայացքից: Իրականում զուտ ամերիկյան դիտակետից արված վերլուծություն է, որտեղ քննարկվում է ամեն ինչ, բայց ոչ սեփական պատասխանատվությունը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե եվրոպական գործերում որքան մեծ է ԱՄՆ-ի միջամտությունը: Թեկուզ միայն ՆԱՏՕ-ի առկայությունը, որ գործնականում իր բանակը չունեցող Եվրամիության համար քննարկումից դուրս խնդիր է, որովհետև այլընտրանք չունի: Հավելեք, թե ինչ դեր ունեցավ ԱՄՆ-ը՝ կանխելու ԵՄ-ՌԴ մերձեցումը և փոխադարձ պատժամիջոցներն ինչ ազդեցություն են ունենում ռուսական ու համաեվրոպական տնտեսության վրա: Գործնականում ՈՒկրաինայի ճգնաժամը այն քարն էր, որ ընկավ Վանկուվերից Վլադիվոստոկ նախագծի վրա: Տնտեսապես հզոր ու ինքնուրույն, ինքնաբավ Եվրոպան մեղմորեն դուրս էր լողալու ԱՄՆ-ի ներգործության դաշտից: ՈՒստի եվրոպական բոլոր խնդիրների ու լուծումների բազմազանության մեջ պարտադիր պետք է դիտարկել ԱՄՆ-ի մասնակցությունը կամ այդ մասնակցության բացակայությունը՝ լիարժեք պատկեր ստանալու համար: Իսկ օբյեկտիվ պատկեր ունենալն առավել քան կարևոր է մեզ համար, եթե այս տարի մենք մտադիր ենք ավարտին հասցնել մեր եվրաինտեգրման գործընթացի փոքր, բայց կարևոր քայլը: Ստացվում է այնպես, որ մենք մտադրվում են անդամակցել մի կառույցի, որը մեր անդամակցության պահին չափազանց փոխված է լինում՝ ինչպես ԵԱՏՄ-ի դեպքում եղավ, և մեր սպասումները ջուրն է գցում կամ խոստանում է արդարացնել տարիների ընթացքում: 2013-ի և 2016-ի Եվրամիությունը փաստացի տարբեր երկրներ են, ինչպես Ռուսաստանը, ինչպես Չինաստանը, ինչպես Հայաստանը, իսկ մենք հաճախ մեր ինտեգրացիոն հաշվարկներում ելակետ ենք ընդունում այն կետը, որ վաղուց գոյություն չունի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ